Արմինֆո.ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացնում է, որ որ ազգակցական-խնամիական կապերը ոչ մի դեր չեն խաղացել արտակարգ իրավիճակների և էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարների պաշտոններում Ֆելիքս Ցոլակյանին և Գարեգին Բաղրամյանին նշանակելիս: Արթուր Վանեցյանն այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 16-ին կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում:
Վանեցյանի ասելով, Ֆելիքս Ցոլակյանն ԱԱԾ հին աշխատակիցներից է: «Երբ ես ընդունվեցի ԱԱԾ ծառայության, նա արդեն բարձրաստիճան պաշտոնյա էր: Ես Ֆելիքս Ցոլակյանին շատ եմ հարգում որպես մարդու, ռազմական և պետական գործչի, սակայն նա իմ կնքահայրը չէ: Իմ կնքահայրը սովորական մարդ է` Վարդան Կուլիջանյանը: Դա ապատեղեկատվություն է, պարզապես, վերջին ժամանակներս ընդունված է գրել ցանկացած հոդվածում «Վանեցյան և էլի ինչ-որ բան՚, և դա անմիջապես դառնում է սենսացիա՚, - նշել է նա: Ինչ վերաբերում է էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի նշանակմանը, ապա Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Մեկ րոպե մի կողմ թողնենք, որ Գարեգին Բաղրամյանը Արթուր Վանեցյանի բաջանաղն է: Ուզում եմ բոլորին հարց տալ. արդյո՞ք որևէ այլ առիթ կա, որպեսզի Գարեգին Բաղրամյանին կարելի լինի մեղադրել այս կամ այն արարքի համար՚: Բացի այդ, Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ լիազորություն չունի միջամտելու այս կամ այն պաշտոնյայի նշանակման գրոծընթացին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտ Ազարյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունիսի 27-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնում, երկար տարիներ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում: 2002-2011թթ. եղել է Քաղծառայության խորհրդի անդամ, իսկ 2011 թվականի հունվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրային վարչության պետի պաշտոնում: Նա նաև Հայաստանի կառավարման պետական ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է: