Արմինֆո.Հոկտեմբերի 16-17-ը Երևանում տեղի կունենա <Մշակութային ժառանգությունը Հայաստանում. մարտահրավերներն ու պարտականությունները> խորագրով համաժողով՝ Մշակութային ժառանգության եվրոպական տարվա շրջանակներում:
Միջոցառումը տեղի կունենա Shaula International ՍՊԸ-ի կողմից կազմակերպված Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում (ICEA 2018): Ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և Shaula International ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին:
Համաժողովի շրջանակներում Եվրամիության կողմից կընդգծվի մշակութային ժառանգության կարևորությունը, մասնավորապես դրա պահպանությունը, վերականգնումն ու խթանումը՝ որպես տուրիզմի խթանման ինչպես նաև տնտեսական զարգացման համար կարևոր նախադրյալ: Միաժամանակ համաժողովը նվիրված է «2018 թվականը՝ Մշակութային ժառանգության Եվրոպական տարիե նախաձեռնությանը: Վերջինս եզակի հնարավորություն է արժևորելու մշակութային ժառանգության դերը, որը կնպաստի պատմության և ինքնության ներկայացմանն ու տարածմանը: Մշակութային ժառանգության Եվրոպական տարվա նպատակն է ավելի շատ մարդկանց հաղորդակից դարձնել Եվրոպայի մշակութային ժառանգությանը և ամրապնդել մեկ ընդհանուր եվրոպական տարածքին պատկանելու գաղափարը: Այս տարվա՝ Մշակութային ժառանգության Եվրոպական տարվա կարգախոսն է՝ <Մեր Ժառանգությունը, ուր խաչվում են անցյալն ու ապագան>: