Արմինֆո.ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը սիրով է ընդունել Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Այդ մասին հոկտեմբերի 16-ին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Ինչպես հայտարարել է Պողոսյանը, 8 տարի ծառայելով փոխոստիկանապետի պաշտոնում՝ կարճաժամկետ հանգստի կարիք ուներ, և այսօր պատրաստ է անցնել նոր աշխատանքի: Պատասխանելով դիտարկմանը, թե մարդիկ իրեն մեղադրում են նախկին ռեժիմի հետ կապերում՝ Պողոսյանը հայտարարել է. <Ես ծառայում եմ օրենքին և կփորձեմ օգտակար լինել ժողովրդին>: Խոսելով մարզում իր առաջիկա աշխատանքի մասին՝ Հունան Պողոսյանն ասել է, որ առաջին հերթին կզբաղվի վստահության մթնոլորտի ձևավորմամբ: