Արմինֆո. Երևան. Հայաստանի նոր ղեկավարության օրոք Լեռնային Ղարաբաղի շուրջ դիտվում է հանդիպումների բավականին դրական դինամիկա: Այս մասին հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում լրագրողներին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, նախքան Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:
Մնացականյանը հիշեցրել է, որ արդեն երկու անգամ հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ`հուլիսին և սեպտեմբերին, և դինամիկան շարունակվելու է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսվում է նաև տարածաշրջան այցելել առաջիկայում», - ասել է նա:
Պատասխանելով հարցին, արդյոք փոխվել են Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունները Հայաստանի նոր ղեկավարության պայմաններում, Մնացականյանն ընդգծել է, որ ՀՀ նոր կառավարությունն իր ընդունած ծրագրերում միշտ էլ եղել է շատ հստակ, որտեղ ընդգծվում է Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը:
Անդրադառնալով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը Լյուքսեմբուրգում, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը հանդիպման ժամանակ կարևորելու է Եվրամիության հետ հարաբերությունների առաջնահերթությունը, որոնք, առաջին հերթին, որոշվում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնարար դրույթներով: