Արմինֆո.Շառլ Ազնավուրին հրաժեշտի օրերին ստեղծվեց Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիներից կազմված Pour Toi, France նախաձեռնող խումբը` Ազնավուրի հուշարձանի ստեղծման նախագծի իրագործման նպատակով, որը կլինի հայության նվերը Ֆրանսիային:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է նախաձեռնողներից մեկը, հուշարձանի ստեղծմանը կմասնակցեն ողջ աշխարհում ապրող հայերը, ինչն ընդգծում է դրա կարևորությունը հայության համար և երախտագիտությունը Ֆրանսիային` մեծ շանսոնիեի համար:
Մեր զրուցակցի ասելով, նախագծի իրագործման գործընթացը նախատեսվում է կազմակերպել չորս փուլով: Կանցկացվի միջազգային մրցույթ հուշարձանի լավագույն էսքիզի համար` մասնագիտական ժյուրիի, Ազնավուրի ընտանիիք անդամների և բարեկամների մասնակցությամբ: Երկրորդ փուլում նախատեսվում է միջոցների հավաքում, այդ թվում` տրաբեր մեխանիզմների կիրառմամբ. համաֆինանսավորում, գործընկերություն, հովանավորություն: Այնուհետև կսկսվի հուշարձանի անմիջական ստեղծման փուլը, և Ազնավուրի մահվան տարելիցին նախաձեռնության կազմակերպիչները մտադիր են կազմակերպել հուշարձանը ֆրանսիացի ժողովրդին նվիրելու արարողություն և դրա տեղադրումը Ֆրանսիայում:
Նախաձեռնողներն ակնկալում են, որ շատերը կցանկանան մասնակցություն ունենալ Շառլ Ազնավուրի հուշարձանի ստեղծմանը, ուստի որոշել են անհրաժեշտ եղածից շատ հավաքված միջոցները տրամադրել բարեգործությանը, մասնավորապես, Ազնավուրի հիմնադրամին, որը երկար տարիներ մարդասիրական նախագծեր է իրագործում Հայաստանում և Ֆրանսիայում: Նախաձեռնությունն արդեն պաշտպանել են Հայաստանի սփյուռքի նախարարությունում:
Առաջիկայում Pour Toi, France նախաձեռնող խմբի նախագծի մանրամասները կհրապարակվեն առանձին կայքում և սոցցանցերում: