Արմինֆո. Հայաստանի տարածքներին ցանկացած սպառնալիքների դեպքում հայ-ռուսական զորքերի միասնական խմբավորումը պարտավոր է օգտագործել իր բոլոր ուժերը: Այս մասին հոկտեմբերի 12-ին «Բաղրամյան» զինահրաձգարանում լրագրողներին հայտնել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը:
Նրա խոսքերով, միավորման կազմը ներառում է Հայաստանի Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև այն ստորաբաժանումները, որոնք կոչված են ապահովելու երկրի անվտանգությունը:
Հարցին, թե ինչ վտանգ պետք է լինի, որպեսզի ներգրավվի զորքերի միասնական խմբավորումը, քանի որ այսօր կրակի տակ է լինում ՀՀ պետական սահմանի Տավուշի, Նախիջևանի ուղղությունները, Մակարյանը պատասխանել է. «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք կկիրառենք մեր բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանին սօառնացող ցանկացած վտանգւի դեպքում»:
Հարցին, օրինակ, եթե գնդակոծվում է Ոսկեվազ գյուղը, միավորված զորքերը ներգրավվե՞ն, թե պետք է պաշտոնապես հայտարարվի պատերազմի մասին, Մակարյանն ընդգծել է, որ այդ հարցի պատասխանը կտրվի երկրի քաղաքական ղեկավարության կողմից, ոչ թե զինվորական, որոշումը կկայացվի պետական մակարդակով, և այդ մասին կհայտարարվի:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այսօր կան բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանին սպառնացող բոլոր վտանգներից պաշտպանվելու համար:
Անդրադառնալով ճակատային գծում տիրող իրավիճակին, Մակարյանը նշել է, որ շփման գծում տիրող իրավիճակը վերահսկվում է: «Տիրում է այնպիսի իրավիճակ, որին մենք վաղուց սովոր ենք: Ցանկացած ոտնձգության դեպքում կտրվի համապատասխան արձագանք», - եզրափակել է նա: