Արմինֆո.Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի հետ: Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Ալան Բերսեի այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին:
Շվեյցարիայի նախագահն, իր հերթին, Հայաստանի վարչապետին շնորհավորել է ֆրանկոֆոն երկրների համար այս կարևոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով և ընդգծել, որ տպավորված է միջոցառումների կազմակերպվածությամբ և քննարկումների ընթացքով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությանն ուղղված տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը, այդ թվում` համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ տնտեսական համագործակցությունը այժմ կենտրոնացած է հանքարդյունաբերական ճյուղի վրա և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցության դիվերսիֆիկացմամբ և տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ: Վարչապետը կարևորել է նաև համայնքային հանրաքվեների կազմակերպման ուղղությամբ շվեյցարական կողմի հետ փորձի փոխանակումը: