Արմինֆո.«Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողի բացմանն իր ելույթում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն իր ելույթումի հատկապես ընդգծել է ֆրանկոֆոն տարածքի հակամարտությունները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում։ «Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա համոզմամբ, Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը:
«Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։ Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։ Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար՚, - ընդգծել է Հայաստանի վարչապետը: