Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անհանգստացած է Ամուլսարի հանքավայրի յուրացման նախագծի և «Լիդիան Արմենիա՚ ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Մասնավորապես, հոկտեմբեիր 9-ին Հայ-ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ հանդիպմանը նա փաստել է, որ դա միակ ամերիկաբրիտանական ներդրումն է Հայաստանի տնտեսությունում: Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանում ինքն ուշադրությամբ հետևել է հանքավայրի շուրջ իրավիճակի զարգացմանը: «Ներդրվել է շուրջ կես միլիարդ դոլար, և արդեն զգալի արդյունք կա հարևան համայնքների համար, ու երբ հանքավայրը գործարկվի ողջ հզորությամբ, «Լիդիան՚ ընկերությունը կդառնա Հայաստանի խոշորագույն հարկատուն: Հանքավայրում աշխատանքներն արդեն 4 ամիս լիովին դադարեցված են, թեև չկա Հայաստանի էկոլոգիական օրենքերի որևէ խախտում, չկան կոռուպցիոն դրսևորումների հիմնավոր փաստեր: Ամուլսարի հարյուրավոր աշխատակիցներ արդեն մնացել են կամ շուտով կմնան առանց աշխատանքի՚, - նշել է ԱՄՆ դեսպանը:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ անկեղծ է և լիովին հասկանում է քաղաքացիների շրջանում առկա մտահոգությունը` հաշվի առնելով երկրի լեռնահանքային արդյունաբերության պատմությունը: Նա նաև ողջունել է այն փաստը, որ կառավարությունը հաշվի է նստում մարդկանց կարծիքի հետ: Սակայն, Միլսի ասելով, օտարերկրյա ներդրողները, որոնք ուսումնասիրում են Հայաստանի հնարավորությունները, ըմբռնումով կվերաբերվեն կառավարության գործողություններին, որոնք բխեն շրջակա միջավայրի համար մտահոգությունից, կոռուպցիայի առկայության դեպքում: «Սակայն այդ ներդրողները չեն հասկանա, թե ինչու կառավարությունը կարող է թույլ տալ փակել հանքավայրը` ոչ մեծ խումբ ցուցարարների քմահաճույքով: Չկա որևէ իրավական որոշում, սակայն նախագիծն առայժմ մինչև վերջ չի իրագործվել: Ցանկանում եմ անկեղծ լինել. եթե այդ հարցը չլուծվի կարճ ժամկետում, այն կարող է ազդել Հայաստանի կառավարության վրա, լուրջ ստվեր նետել երկրի վրա: Ուրախ եմ, որ կառավարությունը հասկանում է իմ մտահոգությունը, ռիսկերն ու աշխատում է լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն ես, որպես Հայաստանի բարեկամ, նրանց կոչ եմ անում գործել արագ և անել այնպես, որ Ամուլսարի շուրջ իրավիճակը կարգավորվի օրենքի գերակայության և պատշաճ ընթացակարգերի շրջանակում՚, - նշել է ԱՄՆ դիվանագետը, համոզմունք հայտնելով, որ եթե հարցն արագ լուծվի, Հայաստանը կարող է ավելի արագ առաջ ընթանալ, և ամերիկյան ներդրողները, որոնք խոշոր նախագծեր են իրականացնում, կշարունակենք իրենց աշխատանքը:
Հիշեցնենք, որ Ամուլսար տանող ճանապարհներն արդեն մի քանի ամիս փակել են մի խումբ ակտիվիստներ, ովքեր դեմ են հանքավայրի շահագործմանը: Սեպտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողներին որոշ մանրամասներ ներկաայցնելով Փարիզում <Լիդիան Ինթերնեյշնլի> ղեկավարության հետ հանդիպման վերաբերյալ, հայտարարել էր, որ Ամուլսարի նախագծի առնչությամբ ՀՀ կառավարության վերջնական որոշումը պետք է փաստերի վրա հիմնված լինի: <Հունիսին-հուլիսի սկզբին, երբ ես Ջերմուկում էի, առաջարկեցի ընկերությանը համագործակցել, որպեսզի կարողանանք փաստերի հիման վրա եզրակացության գալ, բայց նրանք, ցավոք, մերժեցին, և մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ>,-հայտարարել էր վարչապետը: Նա նշել էր, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հարցում անհրաժեշտ է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացությունը:
«Կարծում եմ, որ պետք է երկու հարցի պատասխան ստանանք. որքանով է նախագիծն անվտանգ Սևանի համար, և որքանով է նախագիծն անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես ջրահավաք ավազանի համար>,- ասել էր նա: Վարչապետի համոզմամբ, հանքավայրի շահագործման հարցը կապված է հենց նշված խնդիրների հետ: «Եթե պարզվի, որ նախագիծն այդ տեսակետից վտանգ չի ներկայացնում, Հայաստանի կառավարությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և արդեն արված ներդրումները, շահագործելու հնարավորություն կտա: <Հակառակ դեպքում՝ այլ ճանապարհներ կփնտրենք>,- ասել էր վարչապետը:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: