Արմինֆո.Հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, համաներման գործընթացում ներառված են այս տարվա մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ վարկառուները:
«Մենք պատրաստակամ են քննարկել Կոնվերս Բանկի մասնաճյուղեր մինչև 31.12.2018թ ներկայացված բոլոր դիմումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հաճախորդների հետ կնքել մինչև 7 տարի ժամկետով վերավարկավորման պայմանագիր»,- ասել են Բանկում:
Թեև ամիսներ առաջ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց վարկերին, Կոնվերս Բանկը պատրաստակամություն է հայտնում քննարկել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ՝ մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով ժամկետանց վարկերի համար կուտակված տույժ-տուգանքների ներման հնարավորությունը:
«Ակնկալում ենք, որ առաջիկայում հաճախորդների հոսքը կակտիվանա, իսկ Բանկի նախաձեռնած համաներման ծրագիրը խթան կհանդիսանա հաճախորդների հետ համագործակցության նոր եզրեր գտնելու և հաճախորդների վարկային պատմության վերականգնման համար»,- եզրափակել են Բանկում:
Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը գործում է հայկական շուկայում 1996 թվականի սեպտեմբերից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը `Հայաստանի մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում:-