Արմինֆո. 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 7-ին տեղի կունենա ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Մասնեի «Մանոն» օպերայի բեմադրության հայաստանյան պրեմիերան, իսկ Գալա ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին։
Ինչպես տեղեկացրել է օպերային թատրոնի մամուլի ծառայությունը, Մասնեի «Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան իրականացվում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ, համաշխարհային համբավ ունեցող դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ջանքերով և անձնական մեծածավալ ներդրման արդյունքում։ Շնորհիվ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի՝ այսօր Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը համաշխարհային նշանակալի մշակութային իրադարձությունների կիզակետում է, իսկ թատերախմբի ելույթները պահանջված են աշխարհի հեղինակավոր բեմերում։
Մասնեի «Մանոն» օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է 1884 թ․ հունվարի 19-ին Փարիզի Օպերա կոմիկում։
Հայաստանում «Մանոնը» կներկայացվի լատվիացի ճանաչված դերասան և օպերային ռեժիսոր Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ։
Ա. Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թ. հունվարի 29-ին։ Ներկայացման գլխավոր դերակատարներից է եղել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։
Լիպարիտ Ավետիսյանը Ա․ Ժագարսի բեմադրությամբ Մասնեի «Մանոն» օպերայում մարմնավորած Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»։
Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։ «Մանոնի» հայաստանյան բեմադրությունն իրականացնելու նպատակով մաեստրո Կ․ Օրբելյանի հրավերով Ա.Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ներգրաված են աշխարհի տարբեր երկրներից լավագույն հագուստի դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։