Արմինֆո.Հայաստանի բանկերի միության (Միություն) նոր նախագահ է ընտրվել ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Հակոբ Անդրեասյանին՝ ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.-ին:
Ինչպես տեղեկացրել է ՀԲՄ մամուլի ծառայությունը, Հայաստանի բանկերի միության նախագահը ընտրվել է Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝ կանոնադրության համաձայն: Միության նորընտիր նախագահը ստանձնել է իր պարտականությունները սույն թվականի հոկտեմբերի 1-ից:
Նշենք, որ Հայաստանի բանկերի միությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է: Միությունն իրավաբանական անձ է, որը հանդիսանում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացած շահույթը մասնակիցների միջև չբաշխող ոչ առևտրային կազմակերպություն: Միության հիմնական նպատակներն են`
Անդամ բանկերի իրավունքների և օրինական շահերի միասնական պաշտպանությունը` Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և մասնավոր կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպություններում, Անդամ բանկերի գործունեությանն օրենսդրորեն խոչընդոտող խնդիրների վեր հանումն ու դրանց լուծման (վերացման) ապահովումը, Անդամ բանկերի բնականոն գործունեության և զարգացման ապահովումը: