Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է գիտելիքահեն և նորարարական հարթակների արարման իր հանձնառությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթում:
«Մեր խորհրդակցությունների թեման, այն է` «Միավորված ազգերի կազմակերպությունը բոլոր մարդկանց համար. գլոբալ առաջնորդություն և համընդհանուր պատասխանատվություն խաղաղ, արդար և կայուն հասարակությունների զարգացման համար», ենթադրում է հետևողական մոտեցում Օրակարգ-2030-ին և կայուն զարգացման նպատակներին: Միավորված ազգերի կազմակերպությունը և նրա Զարգացման օրակարգը պետք է լինեն ներդաշնակ և մատչելի բոլորի համար: Ոչ ոք չպետք է անտեսվի, ինչը ենթադրվում է մեր հավաքական ջանքերում՚, - ասել է վարչապետը:
Նա հիշեցրել է, որ այս տարվա հուլիսին, Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրեց իր առաջին կամավոր ազգային զեկույցը կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: «Այս կարևոր իրադարձությունը համընկավ դարակազմիկ քաղաքական զարգացումների հետ, որոնք բնորոշվում են ակտիվ ժողովրդավարական գործընթացներով և լայնամասշտաբ բարեփոխումներով:
Հայաստանը հավատարիմ է գիտելիքահեն և նորարարական հարթակների արարման իր հանձնառությանը, որը կոչված է արագացնել Զարգացման օրակարգի իրականացումը: Այս առումով, մենք ընդունում ենք ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների անփոխարինելի դերը, ինչպես նաև այլ գործընկերների հետ համագործակցության կարևորությունը: Որպես ECOSOC- ի նորընտիր անդամ և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, Հայաստանը կնպաստի ներառական և կայուն աճին, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը՚, - ասել է Փաշինյանը:
Նրա համոզմամբ, 2018 թվականն այն տարին է, երբ կնշենք մարդու իրավունքներին առնչվող երկու կարևորագույն փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիայի 70-ամյակը: «Այդ փաստաթղթերից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմությունը և նրանցից յուրաքանչյուրը դարձել է միջազգային իրավունքի զարգացման համար անկյունաքար: Նրանք մեզ համար հիմք ծառայեցին Ցեղասպանության հանցագործության դեմ գլոբալ համաժողովի նիստերի շարք նախաձեռնելու համար: Այս տարի այն նվիրված կլինի կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելմանը: Ակնկալում եմ ձեր ներդրումն ու գործուն մասնակցությունը Ֆորումի աշխատանքներին՚, - ամփոփել է Հայաստանի վարչապետը: