Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով շնորհավորել է հայ ժողովրդին՝ Երևանի ավագանու ընտրություններում աննախադեպ հաղթանակի կապակցությամբ: Նա անդրադարձել է նաև ընտրություններին մասնակցության <իբր> ցածր ցուցանիշի վերաբերյալ հայտարարություններին և բացատրել նոր խորհրդարանի ձևավորման անհրաժեշտությունը:
Փաշինյանի խոսքով, Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ էին, քանի որ առաջին անգամ ՀՀ քաղաքացին քվեարկեց առանց պարտադրանքի և առանց ֆինանսական գայթակղությունների: <Հայաստանի քաղաքացին օգտվել է այդ ընտրություններում քվեարկելու կամ չքվեարկելու և այդպիով ընտրություն կատարելու իր իրավունքից>,- հայտարարել է նա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե երևանցիների մեծ մասը չի մասնակցել ընտրություններին, Փաշինյանը <մեղմ ասած ծիծաղելի> է անվանել դրանք: 2017 թ. կայացած ընտրություններին, ինչպես նշել է վարչապետը, նույնիսկ վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի կիրառման դեպքում, ավելի քիչ քաղաքացի է մասնակցել, մինչդեռ նրանց <Գազելներով> և ավտոբուսներով բերում էին ընտրատեղամասեր: Բացի այդ, ինչպես նշել է նա, բոլորին հայտնի է, որ այսօր գոյություն ունեցող ընտրացուցակներն իրական իրավիճակը չեն արտացոլում: <Շատ քաղաքացիներ 20-25 տարի առաջ լքել են երկիրը, բայց շարունակում են մնալ ընտրացուցակներում>,- նշել է նա: Բացի այդ, եթե նախկինում տարեցները, հիվանդները և հաշմանդամներն ընտրակաշառքի պատճառով ստիպված են եղել գալ ընտրատեղամաս և քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին, այս դեպքում որոշել են մնալ տանը, քանի որ նախկին պարտավորությունները չեն ունեցել: <Այս ամենը վկայում է ընտրացուցակների բարելավման անհրաժեշտության մասին>,- նշել է նա:
Վարչապետը հիշեցրել է, որ այս ընտրություններն ունեցել են նաև կարևոր քաղաքական նշանակությունը: <Ես խնդրել եմ ընտրողներին Երևանի ավագանուն ընտրություններին քվեարկել <Իմ քայլը> դաշինքի օգտին՝ այդպիսով մանդատ տալով խորհրդարաական և արտախորհրդարանական ուժերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ բանակցություններ նախաձեռնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում համաքաղաքացիներին տրամադրած մանդատի համար>,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ օրենսդիր մարմնում ներկայացված խորհրդարանական ուժերը Հայաստանի քաղաքացիների իրական տրամադրությունները չեն արտահայտում և չունեն ժողովրդից համապատասխան մանդատ: Այդ առնչությամբ Երևան վերադառնալուց հետո նա խորհրդակցություններ կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ՝ հասկանալու դրանց անցկացման ժամկետներն ու մեխանիզմները: <Քաղաքական անորոշությունն արգելակում է ոչ միայն տնտեսության զարգացումը, այլ նաև՝ ներդրումների ներգրավումը: Ժողովրդին պետք է հնարավորություն տալ ձևավորելու նոր խորհրդարան, նոր խորհրդարանական մեծամասնությունը, որը կընտրի վարչապետին>,- հայտարարել է նա: