Արմինֆո. <Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ>,- Facebook-ի իր էջում գրել է Հայկ Մարությանը:
Նա երախտագիտություն է հայտնել վստահության համար: <Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը>,- գրել է Մարությանը:
<Օրինաց երկիր> կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը հույս է հայտնել, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը: ՀՅԴ-ից քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն ընտրական գործընթացը դրական է գնահատել՝ <նորմալ> համարելով քվեարկության ելքը, հաշվի առնելով, որ ժողովուրդը հեղափոխական տրամադրությունների ալիքի ներքո փորձում է մերժել ամեն հինը: Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը գտնում է, որ ժողովուրդն ընտրություններին քվեարկել է ոչ թե Հայկ Մարությանի, այլ՝ Նիկոլ Փաշինյանի օգտին: