Արմինֆո.Ժամը 14:00-ի դրությամբ, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 201268 ընտրող կամ ընտրողների 23,72 տոկոսը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԸՀ-ն:
Աղբյուրի համաձայն, ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունի Երևանի 843343 բնակիչ: Ամենամեծ ակտիվություն ցուցաբերել են Դավիթաշեն համայնքի բնակիչները, որտեղ քվեարել է ընտրողների 25,98%-ը, իսկ ամենաքիչ ակտիվությունը Կենտրոն համայնքի բնակիչները՝ 21,5%:
Այսօր Երևանում ընթանում են ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է չորս դաշինք և ութ կուսակցություն: Քվեարկության արդյունքում ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի ընտրացուցակը գլխավորող թեկնածուն ինքնըստինքյան դառնում է Երևանի քաղաքապետ: Իսկ եթե քաղաքական ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելին չհավաքի, ապա ավագանու խորհուրդ անցած բոլոր խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու իրենց թեկնածուին, որը պետք է ընտրվի խորհրդի 65 անդամների ձայների մեծամասնությամբ: