Արմինֆո. Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանու խորհուրդը կգլխավորի ժողովրդի թեկնածուն: Ընտրատեղամասում քվեարկության ժամանակ լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Նրա ասելով, այսօրվա ընտրությունները նախորդներից կտարբերվեն այն բանով, որ այս անգամ կարտացոլվի ժողովրդի կամքը; «Քաղաքապետ կընտրվի ժողովրդի թեկնածուն, և ոչ ոք չի կասկածի այս ընտրությունների արդարությանը՚, - ասել է Վանեցյանը:
Մեկնաբանելով ոստիկանության խուզարկությունը ԲՀԿ նախընտրական շտաբներից մեկում, ինչպես նաև Նաիրա Զոհրաբյանի կոչերը, թե` անհրաժեշտ է ստուգել նաև ահազանգերն այն մասին, որ «լռության օրը՚ քարոզչություն է իրականացվել Նիկոլ Փաշինյանի սատարած թեկնածուի օգտին, Վանեցյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն միշտ իրականացնում է իր գործառույթները, սակայն այդ մասին բարձրաձայնելու իրավունք չունի: ԱԱԾ տնօրենն ընդգծել է, որ համապատասխան գործառույթների իրականացումը Ոստիկանության իրավասության շրջանակում է, և իր գլխավորած գերատեսչության միջամտությունն ընտրական գործընթացներին տեղին չի լինի: «Վստահ եղեք, որ եթե լինեն ահազանգեր, որոնք հիմք ծառայեն համապատասխան միջոցառումների համար, ապա մենք վայրկյան անգամ չենք հապաղի դա անել: Հավաստիացնում եմ ձեզ, որ բոլոր օրինախախտները պատասխանատվություն կկրեն՚, - հայտարարել է ԱԱԾ տնօրենը: