Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ուժերը միջազգային այդ չարիքի դեմ պայքարում: Խստորեն դատապարտելով կատարվածը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»:
Սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ իրականացված ահաբեկչության հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, ավելի քան 50` վիրավորվել է: Իրանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, զոհերի թվում կան երեխաներ: Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է: