Արմինֆո.Յուրաքանչյուր ընտրողի ձայնի համար պայքարելու անհրաժեշտությունն զգացել են բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում էին նախընտրական քարոզարշավին, այդ թվում` իշխանության ներկայացուցիչները:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` սեպտեմբերի 23-ին թիվ 133 մանկապարտեզում Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո: Նրա համոզմամբ, այն, ինչ տեղի է ունեցել նախընտրական շրջանում, հիշեցնում էր քաղաքական ուժերի իրական նախընտրական քարոզարշավ: Պայքար է ընթացել յուրաքանչյուր ձայնի համար, և այդ պայքարում դիտվել է կրքերի բորբոքում, ինչը նորմալ է ամեն մի ժողովրդավարական երկրում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում այսուհետև չեն լինելու ընտրություններ, որոնց ճակատագիրը որոշվեր կաբինետներում, որոնց արդյունքները տրամադրվում էին ԿԸՀ, Ոստիկանություն, ԱԱԾ:
Քվեարկությունից հետո վարչապետն ուղևորվել է «Զվարթնոց՚ օդանավակայան, որտեղից կմեկնի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին: Օդանավակայանի ճանապարհին Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում հույս է հայտնել, որ ընտրությունները կընթանան հանգիստ մթնոլորտում: Նա մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել ակտիվ մասնակցել քվեարկությանը: Վարչապետը նաև հաղորդել է, որ Նյու Յորքից կմեկնի Դուշանբե, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների հերթական նիստին: