Արմինֆո. Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ցիկլն ավարտած ստարտափների ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև։ Demo Day միջոցառմանը ներկա էին հնարավոր ներդրողներ, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ, ստարտափներ, Beeline Ինկուբատորի մենթորները, ինչպես նաև Beeline-ի աշխատակիցները։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, միջոցառման ընթացքում ստարտափները ներկայացրեցին իրենց մշակած հավելվածները, ստարտափների դեմո տարբերակները, թրեյլերները և այլն։ Յուրաքանչյուր ստարտափ ուներ նաև իր «անկյունը», որտեղ ցանկացողները կարող էին լրացուցիչ տեղեկություններ ստանալ նրանց մասին և կոնտակտային տվյալներով փոխանակվել։
«Այսօրվա միջոցառումը շատ պատասխանատու է ոչ միայն մեր ստարտափների, այլև Ինկուբատորի համար, քանի որ ցույց է տալու նախորդ չորս ամիսների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները։ Այս թիմերը մեզ մոտ եկան դեռ գաղափարների փուլում, իսկ այսօր արդեն լիարժեք կայացած ստարտափներ են ու պատրաստ են ներկայանալ ներդրողներին։ Հենց սա էր մեր նպատակը, և մենք դա իրականացրեցինք։ Բայց մենք ունենք ևս մի նվեր՝ մեր երեք ընտրված ստարտափները կկարողանան ևս չորս ամիս օգտվել Ինկուբատորի տարածքից և այցելել դասընթացները»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 4 ամսվա ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից և փորձագետների խորհրդատվությունից։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: