Արմինֆո. Հայաստանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման հետ: Այդ մասին սեպտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
<Ներկայումս հակամարտող կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը, և այդ առնչությամբ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված որևէ դիմում չի եղել: Այդ պատճառով ՀԱՊԿ ուժային ներուժը չի կարող կիրառվել: Կարծում եմ, որ հակամարտող կողմերը տեղում իրավիճակին հանգուցալուծում կգտնեն՝ առանց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կիրառաման: Եվ ցանկալի է, որպեսզի դա արվի խաղաղ ճանապարհով>,- ընդգծել է Սիդորովը:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն իր հերթին, անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակին, մեջբերել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքերն այն մասին, որ Երևանը տեղյակ է պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և միջազգային այլ կառույցների, և որ ՀԱՊԿ-ին վերջինս չի դիմել: Զայնետդինովը համոզմունք է հայտնել, որ ՀՀ ԱԳՆ այդ հայտարարությունն ամբողջովին հանում է այդ հարցն օրակարգից: