Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի՝ այս անգամ 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացի Մուշեղ Սաղաթելյանը 5 տարի ազատազրկման է դատապարտվել իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու և ապօրինի զենք պահելու համար:
ՄԻԵԴ վճռում, մասնավորապես, նշվում է, որ քննչական միջոցառումներ իրականացնելիս Սաղաթելյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, չեն պահպանվել նրա օրինական իրավունքներն ու ազատությունները, իսկ նրա կալանավորումն անօրինական է եղել: Հաշվի առնելով դա՝ դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Սաղաթելյանին վճարել 15.600 եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց։ Այս առնչությամբ Սաղաթելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. <Այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլևս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաև՝ միջազգային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է>: