Արմինֆո. <Մենք ապրում ենք բարդ, պայթունավտանգ տարածաշրջանում։ Մենք չորս հարևան ունենք, որոնցից երկուսի հետ սահմանները փակ են։
Մեկի հետ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները և կա պատմական խնդիրների ու փոխադարձ անընդունելիության մեծ բեռ։ Մյուս կողմից՝ մենք գտնվում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն> իրավիճակում։ Բայց դա պոտենցիալ պատերազմ է, որը կարող է ցանկացած պահի բռնկվել>։ <Կոմերսանտին> հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, ցանկացած անզգույշ քայլ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների հարցում անմիջական սպառնալիք է երկրի անվտանգությանը: <Կա՞ արդյոք հնարավորություն խոսելու մեր անվտանգության մասին կոորդինատների այլ համակարգում։ Որքա՞ն է դա իրական։ Եկեք մեզ բոլորիս հայամետ քաղաքական գործիչներ կոչենք: Բայց լինելով հայամետ՝ մենք կարող ենք խորապես մոլորվել առաջնահերթությունների ընտրության հարցում։ Այդ պատճառով ես ձեռնպահ կմնայի «ռուսամետե կամ «արևմտամետե պիտակներից։ Խոսքն այն մասին է, թե ինչպես ենք մենք ընկալում այն կոորդինատային համակարգը, որում գտնվում ենք։ Արդյո՞ք ճիշտ ենք մենք այն ընկալում։ Եղել են բացարձակապես անընդունելի քայլեր, և այժմ փորձում են դրանք ուղղել։ Թե որքան է դա անկեղծ, ցույց կտա ժամանակը>,- հայտարարել է Քոչարյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հիանալի հարաբերություններ են՝ Քոչարյանը հավաստիացրել է, որ այդ կերպ Փաշինյանը փորձում է հարթել տպավորությունը, որ թողել է իր առաջին քայլերից հետո ու իր նախորդ ողջ գործունեությունից։
<Երբ քաղաքական գործիչը մինչև իշխանության գալը մեկ բան է ասել, իսկ գալուց հետո՝ մեկ այլ բան, դա վկայում է նրա անհտևողականության մասին, դա նշանակում է, որ որոշակի հանգամանքների դեպքում նույն կերպ էլ կարող է վերաֆորմատացվել։ Այդպիսի որակներ քաղաքական գործիչների մոտ հաճախ են հանդիպում, բայց քաղաքական գործչի ու պետական գործչի տարբերությունն այն է, որ վերջինս որոշումներ կայացնելիս երկար է մտածում>,- հայտարարել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ իր համար անհասկանալի է առաջին դեմքի մակարդակով հայկական կողմի մասնակցությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ <Մասնակցություն միջանցքներում ինչ-որ սելֆիների համար>,- նշել է նա:
Պատասխանելով դիտարկմանը, թե Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը նույնպես մասնակցել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին՝ Քոչարյանը հավաստիացրել է, որ դրանք ուրիշ ժամանակներ էին։ <Ես էլ եմ մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, բայց այն ժամանակ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ավելի շատ ծրագրեր ունեին, քան ՆԱՏՕ-ն ու Հայաստանը։ Չկար այդպիսի դիմակայություն, այլ կար դաշինքի ու Ռուսաստանի միջև փոխգործակցության վեկտոր։ Իրավիճակում, երբ անգամ շփումներն են խզված, այդպիսի շեշտված մասնակցությունը որոշակի ազդանշան է։ Դա արվել է չհասկանալու պատճառով, թե՞ դիտմամբ, ես չգիտեմ։ Բայց դա հարցեր է առաջացնում>,- ասել է նա: