Արմինֆո. «Լրագրողներ առանց սահմանների՚ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Yerevan.Today տեղեկատվական կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը։
RSF կայքում հրիապարակված հայտարարությունում ընդգծված է, որ խուզարկությունը խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը: «Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», - հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կոնտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը: RSF նաև հիշեցրել է, որ Հայաստանը 2018 թվին «Լրագրողներ առանց սահմանների՚ վարկածով 180 երկրների շրչջտանում 80-րդ տեղն է զբաղեցնում մամուլի ազատության վարկանշային աղյուսակում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում սեպտեմբերի 17-ին, ի թիվս այլ հասցեների, օպերատիվ-քննչական խումբն այցելել էր նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։
Ինչպես նշված է ՔԿ մամուլի հաղորդագրությունում, խմբագրությունում կատարված խուզարկությունը որևէ կերպ առնչություն չի ունեցել իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է՝ ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ «Քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է «Yerevan.today» լրատվական կայքում, և կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից: Ըստ Google որոնողական համակարգի՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը լրատվական կայքում առաջին անգամ տեղադրվել է դրանից 2 օր առաջ: Լրատվական կայքի խմբագրությունում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են թվով մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչներ՝ դրանցում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար՚, - ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։