Արմինֆո. Սեպտեմբերի 15-ին կայացավ Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր Շիրակի մարզպետարանից, ՏԻՄ-երից, բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կոնվերս Բանկի խորհրդի և Տնօրինության անդամներ: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, մասնաճյուղը գործում է նոր՝ ք.Գյումրի, Երևանյան խճյուղի 7/7 հասցեում:
«Սա Կոնվերս Բանկի թվով երկրորդ մարզային մասնաճյուղն է, որի բացումը տեղի է ունենում այս տարի: Տեղափոխությունից հետո «Գյումրի» մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները հաճախորդներին լավագույն պայմաններում բարձրակարգ, համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու համար»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Տարածաշրջանային ցանցի ընդլայնումը՝ նոր մասնաճյուղերի գործարկումը, գործող մասնաճյուղերի վերանորոգումն ու պայմանների բարելավումը, պրոդուկտների և ծառայությունների հասանելիությունը հաճախորդներին Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից են: Մինչև տարեվերջ Բանկը նախատեսվում է ևս մեկ մասնաճյուղի գործարկում:
Ներկայում Շիրակի մարզում Կոնվերս Բանկն ունի 3 մասնաճյուղ: Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
«Առաջիկա տարիներին մարզում բանկի գործունեության առաջնահերթություններից կլինի փոքր ու միջին բիզնեսի և բնակչության հիփոթեքային վարկավորումը: Բանկն իր վարկային առաջարկները կհամապատասխանեցնի տարածաշրջանի զարգացման բնորոշ ոլորտների պահանջներին՝ նախագծելով առավել մրցունակ, հարմարեցված վարկային պրոդուկտներ: Դրանք են տուրիզմի ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումը, տարատեսակ ծառայությունները, գյուղատնտեսական արտադրությունները: Շիրակի մարզում մենք արդեն իսկ ֆինանսավորել ենք ժամանակից, խոշոր ջերմոցային տնտեսության կառուցման նախագիծ, որն արդեն մեկ տարի է, ինչ հաջողությամբ գործում է: Նման ծրագրերը շարունակական են լինելու»,-, նշել է Արթուր Հակոբյանը:
Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի վերաբացումից հետո Բանկի ներկայացուցիչներն ու հյուրերը այցելել են Գյումրու Թատերական հրապարակ՝ մասնակցելու «Արգենտինական տանգոյի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը:
Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում: