Արմինֆո. Մոսկվայի հյուսիսում նախատեսվում է ճարտարապետ Կարո Ալաբյանի հուշարձանի տեղադրումը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այդ մասին որոշումը հաստատվել է Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցության հանձնաժողովում:
Ինչպես տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը, Հանձնաժողովը 2017 թվականի հոկտեմբերի 12-ին քննարկել էր ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ Կարո Հալաբյանի հիշատակը հավերժացնելու մասին նախաձեռնությունը, որոշելով տեղադրել նրա հուշարձանը:
«Առաջարկը եղել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի կողմից: Հաշվի առնելով Հանձնաժողովի եզրակացության դրական արդյունքները, որոշվել է սատարել առաջարկին: Հուշարձանի տեղադրման առումով հակասություններ չկան, և մենք պատրաստ ենք կատարել այդ առաջարկը ներկայացնել Պետդումայի առաջին նիստում, որը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերի 29-ին», -ասել է Գերասիմովը, հավելելով, որ ստեղծագործական փակ մրցույթի իրականացումը, ինչպես նաև լիակատար ֆինանսավորում և տեղադրումը կիրականացնի հայկական կողմը:
Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Սոկոլ թաղամասում, Մալայա Պեսչանայա փողոցի կանաչապատ տեղամասում: Ծրագրի արժեքը 15 մլն ռուբլի է:
Կարո Ալաբյանը (1897-1959) - խորհրդային ճարտարապետ է, ակադեմիկոս, եղել է Մոսկվայի գլխավոր ճարտարապետը, մասնակցել է մայրաքաղաքի վերակառուցման գլխավոր հատակագծի մշակմանը: Նախագծել է բնակելի շենքեր, մշակութային, կրթական և կառավարական շենքեր: Դրանց թվում են Մոսկվայի մետրոյի «Կրասնոպրեսնենսկայա» կայարանի տաղավարը, Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի շենքը: Բացի այդ, 1930-ականներին Ալաբյանն ստեղծեց ԽՍՀՄ ճարտարապետների միությունը, որի առաջին քարտուղարն էր: Մոսկվայի հյուսիսի Սոկոլ թաղամասում գտնվող փողոցներից մեկը կրում է ճարտարապետի անունը: