Արմինֆո. ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին և ընդգծել դրանց անընդունելի լինելը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, ասել է. <Մենք մշտապես ընգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Այն, ինչ կատարվել է այս շրջանում, որևէ կերպ չի նպաստում նման միջավայրի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության առումով, թե՛, առավել ևս, գործողությունների առումով: Սա դատապարտելի է և անընդունելի, երբ մենք ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ: Սա բնականաբար անընդունելի է:
Մենք հստակ նշել ենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին>:
Անդրադառնալով ադրբեջանցի գործընկերոջ հետ առաջիկա հանդիպմանը՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել է. <Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն: Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է: Արդեն մեկ անգամ նշել եմ, կրկնեմ, որ հարգում եմ նման գործընթացի մեջ աշխատելու կանոնները, և այդ կանոններից մեկը նաև համաձայնեցված կերպով հայտարարելն է հանդիպման օրը, ժամը, վայրը: Վստահ եղեք, որ այդ ամենը կարվի հենց համաձայնեցված ձևով և բնականաբար հասանելի կլինի բոլորին>: