Արմինֆո. ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը պատմել է Արցախ այցելության նպատակների մասին:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ օրակարգով է այցելել Արցախ և ինչ հանդիպումներ է անցկացրել՝ Մնացականյանն ասել է. <Սա մեր խորհրդակցությունները և համագործակցությունը մշտապես ակտիվ պահելու գործառույթներից է: Մեզ համար սա շատ մեծ նշանակություն ունի, որովհետև առիթ է՝ միասին գնահատելու ներկայիս իրավիճակը, միասին խորհրդակցելու և ուրվագծելու այն բոլոր քայլերը, որ մենք միասին կատարում ենք: Սա միասնական աշխատանք է: Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը վերաբերում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղին, և վերջնական որոշումն ու որոշիչ ձայնն այս հարցում պատկանում է Արցախին: Եվ առանց խորհրդակցելու, առանց միասին աշխատելու մենք չենք կարող որևէ լուրջ առաջընթաց գրանցել: Սա էր այցի առաջնային նպատակը: Սա մշտական գործընթաց է, շարունակական գործընթացի հատվածներից մեկն է:
Շատ շնորհակալ եմ և՛ Հանրապետության նախագահին՝ պարոն Սահակյանին, և՛ գործընկերոջս՝ արտգործնախարար Մայիլյանին: Նաև առիթ ունեցա հանդիպել Ազգային ժողովում: Այդ բոլոր հանդիպումների ընթացքում մենք խոսեցինք ներկայիս դրությամբ մեր կարևորագույն հարցերի շուրջ համակարգման առումով: Կարծում եմ՝ արդյունքները շատ հստակ են: Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք հստակեցնել և հարստացնել մեր պատկերացումներն ու մեր գնահատականները:
Իհարկե, առիթ ունեցա շնորհավորելու Հանրապետության նախագահին, իմ գործընկերներին Արցախի անկախության հռչակման 27-ամյակի կապակցությամբ: Նաև Արտաքին գործերի նախարարությունում մեր գործընկերները նշել են Նախարարության հիմնադրման 25-ամյակը: Սա ևս առիթ էր շնորհավորելու մեր գործընկերներին:
Այցի շրջանակներում առիթ եմ ունենալու նաև տեսնելու, շփվելու Արցախի հասարակության, հատկապես, երիտասարդության հետ: Գիտեք, որ բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են: Արցախցիները, մարդիկ, կոնկրետ՝ 150 հազար, իրենց անուններով, առօրյայով, իրենց ընտանիքներով, իրենք հոգսերով, իրենց հույսերով, իրենց նպատակներով, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, կերտում են իրենց ապագան, իրենց կյանքը:
Ցանկանում առավել ընդգծել այն հանգամանքը, որ, երբ խոսում ենք Արցախի անվտանգության և կարգավիճակի մասին որպես մեզ համար գերակա խնդիրներ, նկատի ունենք մարդկանց: Շատ եմ սպասում այդ հանդիպմանը, երբ առիթը կունենամ տեսնելու երիտասարդներին՝ Արցախի նոր սերունդը, ինքս զգալ, իմ աչքերով տեսնել, թե ինչպես են իրենք ստեղծում իրենց ապագան>: