Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետին և խնդրել հանձնել հայ-թուրքական սահմանն անցնելիս ձերբակալված 16-ամյա հովիվ Ումութ Ալի Օզմենին: «Նման բան չի եղել: Թուրքական կողմի հետ միակ կապը, որի մասին պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցավ կողքովս, հետո վերադարձավ, բարևեց ու հեռացավ՚, - նախօրեին լրագրողներին հաղորդել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի ասելով, Հայաստանում մտադիր չեն գաղտնի զրուցել որևէ նախագահի, առավել ևս, Թուրքիայի նախագահի հետ: «Մենք, ընդհանրապես, մտադիր չենք որևէ գաղտնի բան անել: Եթե ինչ-որ խոսակցություն լինի, մեր հասարակությունը դրա մասին կիմանա մեզանից՚, - նշել է Փաշինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ տեղեկություն ունի թուրք պատանու մասին, որն անցել է հայ-թուրքական սահմանը և ձերբակալվել սահմանապահների կողմից. Փաշինյանը հորդորել է տեղեկատվության համար դիմել Հայաստանի ոստիկանություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին թուրքական «Հյուրիեթը՚ տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հանձնման մասին: Ավելի վաղ այդ տեղեկատվությունը հերքել էր Հայաստանի ԱԳՆ-ն: