Արմինֆո. Ամուլսարի նախագծի առնչությամբ ՀՀ կառավարության վերջնական որոշումը պետք է փաստերի վրա հիմնված լինի: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Փարիզում <Լիդիան Ինթերնեյշնլի> ղեկավարության հետ հանդիպման մասնրամասները:
<Հունիսին-հուլիսի սկզբին, երբ ես Ջերմուկում էի, առաջարկեցի ընկերությանը համագործակցել, որպեսզի կարողանանք փաստերի հիման վրա եզրակացության գալ, բայց նրանք, ցավոք, մերժեցին, և մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ>,-հայտարարել է վարչապետը:
Նա նշել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հարցում անհրաժեշտ է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացությունը:
«Կարծում եմ, որ պետք է երկու հարցի պատասխան ստանանք. որքանով է նախագիծն անվտանգ Սևանի համար, և որքանով է նախագիծն անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես ջրահավաք ավազանի համար>,- ասել է նա:
Նրա խոսքով, հանքավայրի շահագործման հարցը կապված է հենց նշված խնդիրների հետ: «Եթե պարզվի, որ նախագիծն այդ տեսակետից վտանգ չի ներկայացնում, Հայաստանի կառավարությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և արդեն արված ներդրումները, շահագործելու հնարավորություն կտա: <Հակառակ դեպքում՝ այլ ճանապարհներ կփնտրենք>,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլե ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլե-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: