Արմինֆո. <Շանթ 2018> զորավարժությունների շրջանակներում Հայաստանի կողմից Ադրբեջանին հայտարարված պայմանական պատերազմը հարուցել է Բաքվի հիստերիան:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, ասել է. <Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծված պատերազմը շարունակվում է ավելի քան 27 տարի: <Շանթ 2018> հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում Հայաստանի կողմից Ադրբեջանին հայտարարված պատերազմի սցենարը հերթական անգամ հաստատում է այն փաստը, որ Հայաստանը ագրեսոր և օկուպանտ երկիր է:Սա նաև ցուցադրում է Հայաստանի նոր ռազմաքաղաքական ղեկավարության ֆեոդալական մտածելակերպը>:
Ըստ որում, Հաջիևը հավաստիացրել է, որ մինչդեռ Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սուբստանտիվ բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, Հայաստանի նոր կառավարությունը շարունակում է <Սարգսյանի ռեժիմի ռազմական դիկտատուրքայի քաղաքականությունը>: <Կրկին հայտարարում ենք, որ բանակցային գործընթացի ձախողման, լարվածության աճի պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա>, - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:
Նշենք, որ սեպտեմբերի 11-14-ը Հայաստանում ընթանում են <Շանթ-2018> ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զորավարժությունների առանցքային նպատակն է հղկել պետական կառավարման համակարգի միասնական ու ներդաշնակ աշխատանքը` պետությունը խաղաղ պայմաններից ռազմականի փոխադրելու ընթացքում։