Արմինֆո. ԵԱՀԿ-ում ամփոփել են կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի Հայաստան երկօրյա այցի արդյունքները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին այցի շրջանակում ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը ողջունել է ԵԱՀԿ շրջանակում իրենց առաջնային խնդիրների վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ խորհրդատվությունների հնարավորությունը: Ծերեթելին նաև ողջունել է երկրում ընտրական բարեփոխումների իրականացմանն ուղղված ջանքերը` կոչ անելով լայն քաղաքական փոխհամաձայնության ընտրական համակարգում ցանկացած փոփոխություն կատարելու հարցի շուրջ: Ընդ որում նա վերահաստատել է ԵԱՀԿ և ԽՎ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի շարունակական ժողովրդավարական զարգացմանը:
«Հայաստանում կառավարության դրամատիկ փոփոխությունից հետո Հայաստանի քաղաքական համակարգը նոր փորձության է ենթարկվում: Ուրախ եմ տեսնել միասին կառուցողական աշխատանք տանելու քաղաքական ուժերի պատրաստակամությունը, իսկ ընտրական համակարգում բարեփոումների հարցի շուրջ փոխհամաձայնությունը կրկնակի կարևոր է: Այս գործընթացի ողջ պատասխանատվությունը, անշուշտ, Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների ուսերին է, իսկ ԵԱՀԿ-ն ու Խորհրդարանական վեհաժողովը շարունակելու են աջակցել այդ գործընթացին հանուն լավագույն արդյունքի՚, - հավաստիացրել է Ծերեթելին:
ԵԱՀԿ-ում հիշեցրել են, որ այցի շրջանակում Գեորգի Ծերեթելին ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելայի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, խորհրդարանական ուժերի, քաղաքական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների ու դասախոսների հետ:
Պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ Ծերեթելին քննարկել է մի շարք հարցեր, որոնց թվում` տնտեսական զարգացումը, ընտրական բարեփոխումները, կաշառակերության դեմ պայքարը, տարածաշրջանային հարաբերություններն ու ԵԱՀԿ ներսում Հայաստանի աշխատանքը: Նա վերահաստատել է Խորհրդարանական վեհաժողովի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ու դրա համանախագահների աշխատանքին, ընդգծելով, որ այս հարցում հստակ արդյունք ու առաջընթաց գրանցելու պատասխանատվությունն ընկնում է ներգրավված կողմերի քաղաքական ղեկավարության վրա: «Քանի որ ինքս Հարավային Կովկասից եմ, ես շատ լավ հասկանում եմ այդ հարցի զգացմունքայնությունը Հայաստանի համար: Հուսով եմ, որ իշխանությունները լիովին կօգտագործեն գործիքների ողջ սպեկտրը, որոնք կարող է առաջարկել ԵԱՀԿ-ն, որպեսզի օգնեն երկրին արդարացնելու իր ժողովրդի ակնկալիքները՚, - ասել է Ծերեթելին և այդ համատեքստում ընդգծել է Հայաստանի հետագա զարգացմանն աջակցելու ԵԱՀԿ վճռականությունը:
ԵԱՀԿ-ում նաև տեղեկացրել են, որ Տարածաշրջանում ԽՎ գործունեությունում ավանդ ներմուծելու նպատակով Ծերեթելին մտադիր է ԵԱՀԿ խորհրդաժողովի նոր հատուկ ներկայացուցիչ նշանակել Հարավային Կովկասում (այդ պաշտոնն զբաղեցնող Քրիստիան Վիգենինը հրաժարական է տվել 2018 թվականի փետրվարին – խմբ.):
ԵԱՀԿ-ում նաև հաղորդել են, որ հոկտեմբերի 3-6-ը Բիշքեկում կընթանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նիստը: