Արմինֆո. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության վերաբերյալ: Վաչե Մարգարյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցությունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:
Հիշեցնենք, որ սոցցանցերում հայտնված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունում քննարկվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարունյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնք մեղադրվում են 2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման համար:
Գաղտնալսված և հրապարակված հեռախոսազրույցում Վանեցյանը, մասնավորապես, խոստովանում է, որ իրեն զանգահարել է դատավորը, որը պետք է կալանավորման մասին որոշում կայացներ: Խոսքը վերաբերում է դատավոր Վաչե Մարգարյանին, ում նախագահությամբ քննարկվել է Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը կալաքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: