Արմինֆո.ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով կզբաղվի Ազգային ժողովը: Այդ հարցը քննարկման առարկա կդառնա սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստում:
ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի ասելով, ՀՀ սահմանադրության 108-րդ և «ԱԺ կանոնակարգի մասին՚ օրենքի 20-րդ հոդվածների համաձայն, պատգամավորների առնվազն 1/3-ը դիմել է օրենսդիր մարմնի ղեկավարին սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով` ապօրինի գաղտնալսման փաստի հետաքննման համար քննիչ հանձնաժողով ձևավորելու նպատակով: Նիստը կսկսվի ժամը 12:00-յն` հերթական նիստի ավարտից անմիջապես հետո:
Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։