Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerevan.Todayի հետ հարցազրույցում մեկնաբանել է փողերի լվացման մեղադրանքով իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը:
«Առաջին հերթին սա փորձ է շեղել հանրության ուշադրությունն այն կատարված փաստից, այն, ինչ որ եղավ, փորձեցին շեղել: Նկատելի է, որ մեր այսօրվա իշխանությունները բոլոր հարցերից խոսալելիս, երբ պատասխաններ չունեն, խոսում են կոռուպցիայի մասին, կապ չունի, թե ինչ է կատարվում երկրում կամ ինչով են իրենք զբաղված: Հենց պետք է ժողովրդին մոլորեցնեն, խոսում են կոռուպցիայի մասին: Սա հերթական անհեթեթությունն է, կրկնում եմ՝ հերթական: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Եվ խոսքը, իհարկե, չի գնում միլիարդների կամ հարյուր հազարավոր միլիոնների մասին: Եվ կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ այդ հայտարարություն անողը պատասխան է տալու իր հայտարարությունների համար: Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ: Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են՚, - ասել է Քոչարյանը: