Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին ներկայացված վերջին փաստաթուղթը, որը ես ժառանգել եմ նախորդ իշխանությունից, ընդհանրապես, չի շոշափել Արցախի կարգավիճակի հարցը, դրանում խոսք է գնացել ընդամենը հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձման մասին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից:
«Ես այս հայտարարությունն անում եմ պաշտոնապես` որպես Հայաստանի վարչապետ՚, - հայտարարել է նա, հավելելով, որ ի սկզբանե բանակցություններում չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ հստակ խոսք գնար Արցախի կարգավիճակի մասին կամ լինեին հետագայում դրա սահմանման երաշխիքներ: «Իսկ 2018 թվականին ԼՂՀ կարգավիճակի հարցն ընդհանրապես մղվել է հետին պլան՚, - ընդգծել է նա: Այդ հայտարարությանը չի համաձայնել ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` վարչապետին խնդրելով ներկայացնել այն փաստաթուղթը, որի մասին հայտարարել է ԱԺ ամբիոնից: Այդ հայտարարությունը հարուցել է Փաշինյանի վրդովմունքը, ով ընդգծել է. «Եթե ես` վարչապետս, ասում եմ, որ այդպիսի փաստաթուղթ կա, դուք դա պետք է ընդունեք ի գիտություն: Իսկ` թե երբ այն ներկայացնել, ես` ինքս, կորոշեմ: Սակայն ես այնքան դաժան չեմ, որպեսզի միանգամից ձեզ ներկայացնեմ ձեր կառավարման ժամանակների բոլոր նրբությունները, այդ դեպքում, հնարավոր է, ձեզ անհրաժեշտ լինի հոգեբանական օգնություն՚:
Այնուհետև Փաշինյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ իր դիրքորոշումն անփոփոխ է, և առաջնահերջ հարցը Արցախի կարգավիճակն է, որը պետք է սահմանվի համաժողովրդական հանրաքվեում, իսկ դրան կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի ներգրավման դեպքում: «Ես արդեն ասել եմ, որ Հայաստանի վարչապետն եմ և կարող եմ բանակցություն վարել նրա անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսեն այդ հանրապետության իշխանությունները՚, - հայտարարել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ մինսկյան միջնորդները բազմիցս ասել են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման հիման վրա, իսկ դա նշանակում է, որ համախագահներն ընդունում եմ, որ Արցախը բանակցությունների կողմ է, որը վաղ թե ուշ պետք է միանա դրանց: Վարչապետը նաև հավաստիացրել է, որ ինքը լիովին պատրաստ է բանակցությունների, Հայաստանի արտգործնախարարը լիովին ներգրավված է գործընթացում, և բանակցային գործընթացին առավելապես խանգարում է Բաքվի ռազմաշունչ հռետորաբանությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծմանը` Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը օպերատիվ կերպով արձագանքում են են Բաքվի սադրանքներին: