Արմինֆո. ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները:
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, <մասնավորապես՝ քննարկվել են խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։
Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ>: