Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-15-ը կայցելի Ֆրանսիա: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարուղար Տիգրան Բալայանը:
Բալայանի խոսքով, Փաշինյանի Ֆրանսիա այցը ծրագրված էր: <Նրանց, ովքեր ասում էին, թե այցը կապված է <Վեոլիա Ջուր> ընկերության հետ կապված հարցերի հետ, պետք է հիասթափեցնեմ: Հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռ Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների օրակարգում հարցերի լայն շրջանակ է>,- նշել է Բալայանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը բացառիկ հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ, ստորագրվել և գործում է համագործակցության մասին շուրջ 400 փաստաթուղթ:
ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա նաև հիշեցրել է, որ հոկտեմբերին Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան: