Արմինֆո. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վախենում է իր հարազատների անվտանգության համար: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ: <Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե ես և Սասուն Խաչատրյանը /ՀՔԾ ղեկավար-խմբ./ ինքնահաստատման կարիք ունենք՝ դուրս գալով փողոց թիկնազորի ուղեկցությամբ, խիստ սխալվում են: Կողքից թվում է՝ ռոմանտիկայի մեջ ենք>,- ասել է նա:
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ գլխավորել է ԱԱԾ-ն, արմատապես փոխվել է իր հարազատների կյանքը: ԱԱԾ ղեկավարի երեխաները, ի տարբերություն հասակակիցների, չեն կարողանում դուրս գալ փողոց ու շփվել ընկերների հետ:
Նա ընդգծել է, որ գործ ունեն նախկին կոռուպցիոներներից բաղկացած հզոր մեքենայի հետ, որոնք պատրաստ են ամեն բանի, որպեսզի խուսափեն պատժից: