Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը փայլուն գործընկերային հարաբերություններ ունեն: Այդ մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի ղեկավարին շնորհավորելով Մոսկվայի օրվա առթիվ` Փաշինյանը նշել է, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումների հաճախակիությունը (սա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն է հինգ ամսվա ընթացքում- խմբ) վկայում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հատուկ բնույթի մասին։
«Ի հեճուկս հայկական և ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ որոշ հոռետեսական տրամադրություններին` պետք է նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով։ Կարծում եմ, որ մեր գլխավոր խնդիրն է փորձել բացել երկկողմ փոխգործակցության ողջ ներուժը։ Իհարկե, մեր հարաբերությունները հիանալի են, սակայն դրանով չի կարելի սահմանափակվել: Կարծում եմ, որ լիովին բացահայտված չէ ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ փոխգործակցության ողջ ներուժը՚, - հյատարարել է Փաշինյանը, ընդգծելով, որ մեծ ներուժ կա նաև քաղաքական երկխոսության, տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդման ոլորտներում։ «Մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր։ Վստահ եմ, որ դրանք կլուծվեն՝ հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունների շահերը, հարգելով երկրների ինքնիշխանությունն ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Շատ ուրախ եմ, որ մեր ռուս գործընկերներն ամեն անգամ մեր հարաբերությունների մասին խոսելիս ընդգծում են այս սկզբունքային հարցերը»,- հայտարարել է Փաշինյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը, նշելով, որ դա դրսևորվում է երկկողմ հարաբերությունների բազմադարյա պատմության ողջ ընթացքում։ «Ներկայում մեր հարաբերությունները զարգանում են ակտիվորեն բոլոր ուղղություններով, այդ թվում` քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսության ոլորտներում»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը ։
Լրատվամիջոցների համար կարճ հայտարարություններից հետո երկու պետությունների ղեկավարները հանդիպումը շարունակել են փակ դռների հետևում։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել մեկօրյա աշխատանքային այցով և այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ