Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի քաղաքականություն վերադառնալու բոլոր իրավունքները: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշելով, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է իր անձնական կարծիքին՝ Շարմազանովը միաժամանակ ընդգծել է, որ երկրորդ նախագահն ունի քաղաքականությամբ զբաղվելու թե բարոյական, թե քաղաքական և իրավական իրավունք: <Կարծում եմ, որ նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն զբաղվում է քաղաքականությամբ>,- ընդգծել է փոխխոսնակը:
Այն հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցությունը կհամախմբվի ՀՀ երկրորդ նախագահի հետ՝ Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ն կոնսոլիդացված է իր գաղափարների և նպատակների շուրջ: <Ով այդ պայքարում, օրակարգում կօժանդակի հանրապետականին, կլինի մեր դաշնակիցը: Հանրապետական կուսակցությունը պատրաստ է բոլոր ուժերի հետ համագործակցել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի>,- ընդգծել է ՀՀԿ մամուլի քարտուղարը:
Խոսելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքի մասին՝ կապված Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ Շարմազանովն ասել, որ այդ հարցը չի քննարկվել: «Սակայն, Քոչարյանի կալանավորման հետ կապված՝ ՀՀԿ-ն երկու անգամ հայտարարություն է տարածել, իսկ կուսակցության հայտարարությունը չի կարող հրապարակվել՝ առանց կուսակցության նախագահի դիրքորոշումը հաշվի առնելու>,- նշել է փոխխոսնակը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ