Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը այսօր բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը բավարարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Հատուկ քննչական ծառայությունում հայտարարել են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին դատարանի որոշումն անօրինական է: «Ավելին, դատարանը դուրս եկավ իր լիազորություններից: Հուսով ենք, որ դատախազը կբողոքարկի այդ որոշումը հաջորդ ատյանի դատարանում», - ասել են ՀՔԾ-ում:Օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը կրկին անդրադարձել է անձեռնմխելիության ինստիտուտին, որտեղ ասվում է, որ նախագահը չի կարող հետապնդվել կամ ենթարկվել քրեական հետապնդման իր պաշտոնավարման ընթացքում, կամ դրանից հետո, եթե նրա գործողությունները բխում են իր կարգավիճակից: «Այսինքն, խոսելով այդ մասին, մենք պետք է գիտակցենք, թե արդյոք նրա լիազորություններից էին բխում հանցագործությունների կատարումը: Իսկ դա չի կարող լինել կարգավիճակի մաս, հետևաբար, հանցագործություն կատարելիս անձը չի կարող օգտվել անձեռնմխելիությունից», - ասել է նա, ընդգծելով, որ հանցագործությունն այն շեմն է, որով անձեռնմխելիությունը դադարում է գործել:
Ինչպես նշել է Սասուն Խաչատրյանը, եթե հանկարծ Վճռաբեկ դատարանը որոշի, որ Ռոբերտ Քոչարյանը չի ենթարկվելու քրեական հետապնդման, ելնելով նրա նախագահական կարգավիճակից, ինչը, ըստ նրա, աբսուրդ է, քանի որ մարդը չի կարող ունենալ բացարձակ անձեռնմխելիություն`կապված իր պաշտոնի հետ, ապա այդ հարցը կարող է գնալ հաջորդ մակարդակ`Սահմանադրական դատարան: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել իր պաշտպանյալին, իրենք կդիմեն ՄԻԵԴ։