Արմինֆո.ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի քանի խորհուրդ է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով մտադիր է նախաձեռնել <անցումային արդարադատություն>:
<Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատությանե ճանապարհով, ապա պետք է առնվազն հաշվի առնի հետևյալը՝
- ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետևաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության նկատմամբ.
- ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք.
- ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և ԴԱՏԱԿԱՆ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա.
- Արդյոք երկրում առկա է այն ճգնաժամը, որն առաջացել է հանցագործությունների, զինված բախումների, կամ այլ անօրինական գործընթացների (այդ թվում՝ դատական իշխանության անօրինական գործողությունների) և մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների արդյունքում, և որը իշխանությունը չի կարողանում հաղթահարել այլ եղանակով:
Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատությանե ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով և առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ:
Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ>,- Facebook-ի իր էջում գրել է նա:
Նշենք, որ օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր անցումային արդարադատության նոր մարմիններ ձևավորելու անհրաժեշտության մասին: <Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, և մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու և միջամտելու գայթակղությանը: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել հետևյալը. առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, և ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց, մյուս կողմից, ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Եվ ուզում եմ նախորդ իշխանության և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ>,- ասել էր նա: