Արմինֆո. ՀԱՊԿ-ին նոր երկրի անդամակցման մասին որոշում ընդունվում է կոնսենսուսի հիման վրա, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցոիմ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը և այդ առնչությամբ Հայաստանի բացասական արձագանքին:
Դիվանագետը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ուղղված է տարածաշրջանում անվտանգության ապահովմանը և ունի բաց ձևաչափ: <Եթե երկիրը հավակնում է անդամակցության, կիսում է ընդհանուր արժեքները, պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության և այդ գործընթացների պաշտպանության ընդհանուր գործում, պետք է դրական ընկալել դա: Բայց կան հարցեր, որոնք ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսի հիման վրա՝ համաձայն կառույցի կանոնադրության, այդ թվում՝ նաև դա>,- նշել է Նազարուկը:
Ըստ որում, դեսպանը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ իրավիճակը կարող է ինչ-որ կերպ ազդել Կազմակերպության հեղինակության վրա: <Ես չունեմ այդ հարցի պատասխանը, քանի որ այդչափ խորագիտակ չեմ այդ հարցում, ինչպես փորձագետները: Ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ Կազմակերպության հետ կապված ցանկացած որոշում, որտեղ անդամակցությունը որոշվում է կոնսենսուսի մեթոդով, պետք է կայացվի համակարգված>,- նշել է դիվանագետը:
Սակայն, նրա խոսքով, դա ամենևին չի նշանակում, որ կառույցի անդամ պետությունները զրկված են ինչ-որ իրավունքից կամ հնարավորություններից: <Եվ ամենագլխավորը, եթե այդ Կազմակերպությունը բաղկացած է գործընկերներից, կարծում եմ, անհրաժեշտ է գործընկերների հետ քննարկել բոլոր հարցերը, որքան էլ դրանք անհարմար լինեն>,- ամփոփել է դիվանագետը: