Արմինֆո. Հայաստանի համար նորություն չէ, որ ադրբեջանական կողմը պարբերաբար սադրիչ գործողություններ է ձեռնարկում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման վերջին փորձին:
Միաժամանակ նա դժվարացել է ասել, թե արդյոք այդ միջադեպը կապված է Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքի հետ: <Ինձ դժվար է ասել, թե որոնք են Ադրբեջանի ԶՈւ այդ գործողությունների հիմնական շարժառիթները, բայց մեզ համար նորություն չէ, որ նրանք ինչ-որ բաներ են ձեռնարկում թե սահմանին, թե շփման գծում՝ լինի Արցախը թե Նախիջևանը: Բայց կարող եմ ասել մեկ բան՝ բոլոր նման գործողությունները, դիվերսիոն ներթափանցումներն անպատասխան չեն մնա: Դրանք միշտ համաչափ և ցավոտ պատասխան կստանան>,- նշել է նա:
Այն հարցին, թե կարելի է արդյոք համարել, որ այսօր նման սադրանքներին հայկական կողմի արձագանքն ավելի կոշտ է, քան, ասենք, մի քանի ամիս առաջ՝ Հովհաննիսյանն ասել է, որ ինքը չպիտի դա գնահատի: Ըստ որում, մամուլի քարտուղարը համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը միշտ համարժեք է արձագանքել Բաքվի նման գործողություններին, իսկ կոշտության աստիճանն արդեն փորձագետները պետք է գնահատեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: