Արմինֆո. <Այսօր մեր երթի ընթացքում հնարավոր են սադրանքներ, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին զսպվածություն ցուցաբերել և չարձագանքել դրանց>,- Facebook-ի իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մտադիր է օգոստոսի 17-ին հանրահավաք անցկացնել, որում կամփոփի կառավարության գործունեության 100 օրվա արդյունքները:
Այսօր Երևանում կայանալիք երթը կսկսվի 17:40-ին Արցախ-Էրեբունի փողոցների խաչմերուկից, որտեղ ապրիլի 22-ին ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանը: <Վստահ եմ, որ այսօր ոստիկանության աշխատակիցները կապահովեն մեր անվտանգությունը: Կարծում եմ, որ նրանցից ոմանք կմասնակցեն մեր երթին, և դա համերաշխության դրսևորումներից մեկը կլինի: Այսօր սահմնազատումներ չկան ոստիկանության, ԱԱԾ, հասարակության, բանակի, զինված ուժերի, կառավարման պետական մարմինների և իշխանության միջև: Դա պետք է ազգային համերաշխության դրսևորում դառնա>,- նշել է Փաշինյանը:
<Ուզում եմ խնդրել այսօր չպատասխանել հնարավոր ագրեսիային: Մենք ունենք մասշտաբային ակցիաների փորձ, որին շուրջ 100 հազար մարդ է մասնակցել: Չեմ բացառում, որ մեր միջոցառմանը հատուկ ներդրված մարդկանց կողմից սադրանքներ իրականացվեն, խնդրում եմ ձեզ ագրեսիային ագրեսիայով չպատասխանել: Իսկ եթե նման ագրեսիվ գործողություններ լինեն, դրանց պետք է արձագանքեն իրավակարգի աշխատակիցները, դիմեք ոստիկանության աշխատակիցներին>,- ընդգծել է վարչապետը՝ նշելով, որ այսօր իրավակարգի աշխատակիցներն աշխատելու են խստացված ռեժիմով: