Արմինֆո.Զինված ուժերում բջջային հեռախոսների կիրառման նոր կարգ է սահմանվում: Զորքերում բջջային հեռախոսների կիրառման վերաբերյալ ՀՀ ՊՆ նոր հրամանի համաձայն, զինծառայողներն այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով:
Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈՒ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգի համաձայն, զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս:
«Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից: Հիշեցում.
1. Բջջայինով խոսելիս խուսափեք զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից:
2. Լարված իրադրության ժամանակ մի ՛ զանգահարեք ձեր մտերիմներին ու մի ՛ պատմեք ծավալվող իրադարձությունների մասին:
3. Մի կատարեք «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ:
4. Մի հրապարակեք լուսանկարներ, որոնցում երևում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ և այլն:
5 .Ռազմական գործողությունների ժամանակ անջատեք բջջային հեռախոսը:
Հիշեք հակառակորդը լսում է ձեզ և կարող է ձեր հեռախոսի դիրքով ոչնչացնել ձեզ ու ձեր ստորաբաժանումը՚, - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: