Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներն Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի մոտ, օգոստոսի 13-ին ձերբակալել են տղամարդու, ով ապօրինաբար հատել է հայ-թուրքական պետական սահմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ սահմանախախտը 1993թ. ծնված Գվինեայի Հանրապետության քաղաքացի է: Ձերբակալվածի ասելով, ինքը Գվինեայից Թեհրան էր այցելել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար: Նա պատմել է, որ, ժամանելով Թեհրան, հանդիպել է տաքսու վարորդի, ում խնդրել է իր համար երկրի տարածքով շրջագայություն կազմակերպել, սակայն տաքսու վարորդն իրեն տարել է Թուրքիա` շրջանցելով անցակետը: Թուրքիայի տարածքում տաքսու վարորդը վերցրել է նրա անձնագիրը, դրանում Թուրքիայի տարածք մուտքի արտոնագիր է դրել, ինչից հետո վերադարձրել է անձնագիրն ու գնացել անհայտ ուղղությամբ: Սահմանախախտի ասելով, ինքը երկու օր ապրել է Թուրքիայի տարածքում լքված շինությունում, որտեղ իրեն թալանել են՝ վերցնելով մոտը եղած գումարն ու բջջային հեռախոսը: Դրանից հետո, սնունդ հայթայթելիս նա հատել է Արաքսը` խախտելով հայ-թուրքական պետական սահմանը:
Հաղորդագրությունում ասվում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են սահմանախախտի վարկածը և պարզում միջադեպի բոլոր հանգամանքները: Ձերբակալված քաղաքացուն, օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան, հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին: