Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահը, որին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մարտին երկրի սահմանադրական կարգը տապալելու համար, մտադիր է վերադառնալ քաղաքականություն, որպեսզի երկրին օգնի խուսափել վտանգներից, որոնք այսօր իրապես նրան սպառնում են:
«Երկիր մեդիա՚ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում Քոչարյանը նշել է, որ առայժմ չգիտի, թե վերադարձի ինչ ձևաչափ է ընտրելու, որ քաղաքական ուժի հետ, սակայն դա անելու է, քանի որ տեսնում է աշխարհում փոխված աշխարհաքաղաքական իրողությունը, որն սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը:
«Նայեք քարտեզին, տեսեք ինչ է տեղի ունենում մեր շուրջը, և դա տեսնում են այն մարդիկ, ովքեր հետևում են ոչ թե բամբասանքներին, այլ` նորություններին: Ռուս-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան ցածր մակարդակի չեն եղել: Նոր պատժամիջոցներ են սահմանվել Իրանի նկատմամբ, դեռ էլի կսահմանվեն` արդեն Իրանից նավթի արտահանման և վաճառքի նկատմամբ: Վերջին 10 տարում Թուրքիան դարձել է բոլորովին այլ երկիր, նա չի ձգտում դեպի ԵՄ, հեռացել է ժողովրդավարական գործընթացներից, չկան այդ երկրին աշխարհաքաղաքականորեն զսպող գործոններ, նա միջամտում է հարևանների և հենց նույն Սիրիայի գործերին: Եվ, ընդսմին, մեզ մոտ իշխանության է եկել կառավարություն, որը չունի փորձ, չունի բավականաչափ գիտելիքներ` բոլոր այդ սպառնալիքներին դիմակայելու համար՚, - նշել է Քոչարյանը:
Նրա ասելով, նոր իշխանությունը սխալ է գործում, հեղինակազրկելով բանակը, ձեռնարկում է իրադրությունն ապակայունացնող քայլեր: «Այդ մարդիկ չունեն փորձ և գիտելիք, նրանք, որպես կանոն, աշխատել են հասարակական կազմակերպություններում, և չի բացառվում, որ այսօր էլ աշխատում են Սորոսի կամ, նույնիսկ, իրենք էլ չիմանալով, Ադրբեջանի համար՚, - ընդգծել է Քոչարյանը: «Ես նրանց չեմ մեղադրում, այլ արձանագրում եմ փաստերը, արտահայտում եմ իմ մտավախությունները՚, - ասել է նա, ընդգծելով, որ պատրաստ է իր փորձը կիսել նոր իշխանության հետ և նրանց օգնել` հաղթահարելու այդ դժվարությունները:
Քոչարյանի ասելով, Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է նման տոնով խոսել` կոչ անելով հարմարվել նոր իրողություններին: «Դա ռազմավարական գործընկեր է, և առանց նրա հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը՚, - ընդգծել է Քոչարյանը: Նա հիշատակել է նաև ՀԿԵ-ում ստուգումները, հայտարարելով, թե դա ճիշտ մոտեցում չէ ռուսական ներդրողի աշխատանքին` կոչ անելով զգուշավորության: Անդրադառնալով Ադրբեջանի հետ Ռուսաստանի զենքի գործարքներին` նախկին նախագահն ընդգծել է, թե հանուն երկրի «կարծեցյալ արժանապատվության՚, որի մասին խոսում են նոր ղեկավարները, կշեռքի նժարին է դրվում երկրի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը: «Եվ մեր ժողովուրդը պետք է լսի նաև այս տեսակետը: իսկ ինչ է, մենք այլընտրանքային կարծիքի իրավունք չունե՞նք՚, - ասել է երկրորդ նախագահը:
Նա նաև տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, թե հեղափոխությունը, որի մասին խոսում են նոր իշխանությունները, իրականում հեղափոխություն է. «Պարզապես, հեղափոխությունն օգտագոծվում է հանուն, այսպես կոչված, հակահեղափոխության դեմ պայքարի, քաղաքական դաշտը ներկվում է երկու գույնի` սև և սպիտակ՚: Նրա ասելով, այդպես ավելի ձեռնտու է հեղափոխախականներին: «Սա հաշվարկ է և ոչ ավելին՚, - կարծում է Քոչարյանը: