Արմինֆո.«ՀՔԾ կողմից ինձ առաջադրված ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, ավելի շատ՝ եզրակացություների վրա՚, - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերից հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իր կալանավորմանն ու վերաքննիչ բողոքի քննության մասին հարցին:
Ինչպես խոստովանել է նախկին նախագաը, ինքը հասկանում է, որ Հայաստանի բավական մեծ թվով քաղաքացիներ իրեն ատում են: Միևնույն ժամանակ, կարծիք է հայտնել, թե շատերն իրեն հիշում են «բարի խոսքով՚: Նրա համոզմամբ, իր փաստաբանների թիմը, որի աշխատանքին ինքն ակտիվ մասնակցել է դատավարության ժամանակ, «ուղղակի ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չի թողել՚: Նա ափսոսանքով նշել է, թե չի կարող խոսել կոնկրետ գործի մասին, «որովհետև կա, այսպես կոչված, նախաքննական գաղտնիք՚, որը, իր կարծիքով, հաճախ խախտում է ՀՔԾ-ն: «ՀՔԾ պետը համարում է, որ ինքն օրենքից դուրս է՚, - ընդգծել է նախկին նախագահը:
ՀՀ երկրորդ նախագահը նշել է, թե մեղադրող կողմը, մեղադրանքը ներկայացնելով փոքր կտորներով, կոնտեքստից դուրս, ձգտում է գործը ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո: Այդ համատեքստում Քոչարյանը մամուլի ներկայացուցիչներին կոչ է արել պահանջել քննչական գործողությունների լիակատար թափանցիկություն, վերացնել քննության գաղտնիքի պահանջը և պաշտպանական կողմին թույլ տալ բացահայտել մեղադրանքը: Այն ժամանակ, երկրորդ նախագահի կարծիքով, բոլորը կտեսնեն, որ ամբողջ գործը շինծու, արհեստական գործ է և «հստակ քաղաքական հետապնդման դասական մոդել՚: Անդրադառնալով քրեական գործով վկայությունների եւ ցուցմունքների մասին հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե «որեւէ էական բան չկա, դատարկ ցուցմունքներ են՚: «Ես ուղղակի չեմ կարողանում խոսել, վաղը-մյուս օրը ինձ մեղադրելու են, թե նախաքննական գաղտնիք եմ բացահայտել հարցազրույցի ժամանակ՚, - ասել է նա:
Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ 2008 թվի նախագահական ընտրություններից և բողոքի գործողություններից հետո իր կողմից ոչ իրավաչափ հայտարարվել է արտակարգ դրություն, Ռուբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ԱԴ հայտարարվել է, երբ արդեն կային զոհեր: Այլապես, ինչպես նշել է Քոչարյանը, ԱԴ չմտցնելը սերունդների կողմից կդիտարկվեր որպես նախագահի անգործություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր Հատուկ քննչական ծառայությունում քննվող «Մարտի 1»-ի քրեական գործով, և նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փոխել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը, և երկրորդ նախագահն ազատ է արձակվել` հաշվի առնելով անձեռնմխելիության մասին սահմանադրական դրույթը: